Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային այս կարևոր ծրագրի իրականացումը և պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ: Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Հիշեցնենք, որ «Անաս»-ը Իտալիայում ճանապարհների, ավտոմայրուղիների և երկաթուղիների կառուցման ոլորտի առաջատար ընկերությունն է: Իտալիայում գրեթե բոլոր կարևոր տրանսպորտային ծրագրերն իրականացվում են այս ընկերության մասնակցությամբ:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: