Արմինֆո. Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էռլունը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների ակտիվացումը երկու երկրների միջև, հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանում պղնձաձուլարանի շինարարության նախագծին: Այս մասին հայտնեցին նախարարության մամլո ծառայությունից:
Նշենք, որ այս թեմայով քննարկումները մի քանի տարի շարունակ ընթանում են: Չինական ներդրողներն առաջարկել են համատեղ նախագիծը, որին մասնակցում է նաև «Վալլեքս գրուպ» ՓԲԸ (VallexGroup) հայկական ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, Դրմբոնի բազմամետաղային հանքավայրը (ԼՂՀ) և Ալավերդու մետալուրգիական կոմբինատը: Չինական կողմից խոսքը գնում է նախագծին MCC Overseas ընկերության մասնակցության մասին, ինչպես նաև, հնարավոր է China National Building Materials Group Corporation, Sinoma International Engineering մասկցությունը:
Չինական գործընկերների հետ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում այդ ուղղությամբ, ցեմենտի, ապակու, ինչպես նաև պեռլիտից պատրաստված ապրանքների արտադրության գծով:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ձուլարան կառուցելու պլաններն առաջին անգամ հայտնվեցին դեռ 2005-2006 թվականներին: Ստեղծվեց գրասենյակ, որն սկսեց մշակել կոնկրետ հաշվարկները: Այն ժամանակ նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 200-250 մլն.դոլար: Գործարանի վերամշակող հզորությունը սահմանվեց 60 հազար տոննա մեկ տարում: Փորձագետների կարծիքով, նոր գործարանը թույլ կտար վերամշակել Հայաստանում արտադրվող պղնձի ողջ խտանյութը: Նախագծի իրականացումը կարող էր վերակենդանացնել տնտեսության մեքենաշինական և հաստոցաշինական ոլորտները: Ըստ նախագծի, գործարանը եզակի ծրագիր է, որը բացառում է վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով նախագծի իրականացումը հետաձգվեց:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ռուսական մամուլը, Հայաստանից ստացվող պղնձի խտանյութի ձուլման հիմնական վայրը 2000-ականներին եղել է Բուլղարիան (որտեղ գտնվում է Գերմանիայի մետալուրգիական կոնցեռնի պղնձաձուլական կոմբինատը): Չինաստանի մասնաբաժինը 4 - 5 տարի առաջ կազմում էր մոտ 20%, բայց հետագա տարիներին սկսեց աճել: 2015-ին դադարեցին մատակարարումները դեպի Շվեյցարիա և Իսպանիա, և մի փոքր աճեցին դեպի Սերբիա (որտեղ գարնանը բացվեց «Բոռ» լեռնա-մետալուրգիական համալիրը, խոշորագույններից մեկը տարածաշրջանում): Նշենք, որ Չինաստանը ողջ աշխարհից ակտիվորեն գնում է պղնձի խտանյութ:
ՀՀ կառավարությունն անցյալ տարի ստեղծեց միջգերատեսչական խումբ, որը քննարկելու աջակցության հարցը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է VallexGroup-ի անդամ: