Արմինֆո. Միջազգային առաջատար BSC ընկերությունը, որն զբաղվում է ֆինանսական հաստատությունների համար նորարարական ծրագրային լուծումների մշակումով, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Թվային բանկինգ. Զարգացման և աճի ուղիներ» խորագրով սեմինար:
«Այսօր մենք Հայաստանում ենք, քանի որ ցանկանում ենք կիսվել թվային բանկինգի մեր բազմամյա փորձով և գիտելիքներով: Մենք համագործակցում ենք Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ, բացառությամբ Հայաստանի: Մենք գիտենք, որ ձեր բանկերն արդեն տրամադրում են որոշ հեռահար ծառայություններ, և պետք է պատրաստ լինել գլոբալ թվային միտումներին և մարտահրավերներին, որոնց դուք կարող եք բախվել մոտ ապագայում», - ասել է BSC Group-ի վաճառքի տնօրեն Չենեկ Նավրատիլը, սեմինարի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նա նշել է, որնման լուծումները, որոնք առաջարկում է ընկերությունը, հիմնականում պահանջված են առաջատար բանկերի կողմից: «Հայկական բանկերը պետք է թվային ալիքներն օգտագործեն ոչ միայն բանկային գործարքների ծախսերը նվազեցնելու, այլև նաև եկամուտը մեծացնելու համար, իսկ դրա համար պետք է պատրաստ լինել առցանց վաճառքի լիարժեք իրականացմանը, հաճախորդների առցանց սպասարկմանը, և այլն: Դուք դեռ շատ բան պետք է ուսումնասիրեք թվային տեխնոլոգիաների ոլորտում, և մենք պատրաստ ենք այդ մասին խոսել ձեզ հետ, - ասել է նա:
Իր հերթին, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ այսօր Հայաստանում ոչ բոլոր բանկերն են համագործակցում միջազգային գործընկերների հետ: «BSC ընկերության կողմից առաջարկված ծրագրային լուծումների միջոցով կհաջողվի պարզեցնել բիզնեսի վարումը և աջակցել հարաբերությունների հաստատմանը միջազգային գործընկերների հետ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի տնտեսությունը ավելի արդյունավետ լինի միջազգային համագործակցությանը», - ընդգծել է նա:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Հայաստանի Բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել է, որ BSC ընկերությունը հայկական բանկերին առաջարկում է համակարգային լուծումներ, որոնք ավելի ճկուն կապ են ապահովում բոլոր բանկային ծառայություններին: «Այսօր Հայաստանի բանկային համակարգում թվային տեխնոլոգիաները, մասնավորապես, թվային սպասարկումը գերակա ուղղություն է: Պետք է ասեմ, որ Հայաստանի բանկերի մեծամասնությունն արդեն ներդրել է մի շարք հեռահար ծառայություններ և պրոդուկտներ, մասնավորապես, խոսքը գնում է շարժական, ինտերնետ բանկինգի և այլ հեռավոր ծառայությունների մասին: Բայց մենք միշտ ողջունում ենք խոշոր միջազգային ընկերությունների նախաձեռնությունները: Ենթադրում եմ, որ որոշ բանկեր հետաքրքրվեցին այսօր ներկայացված լուծումներով և ապագայում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, որտեղ կողմերը ավելի մանրամասնորեն կքննարկեն ծրագրային լուծումների ներդրման հնարավորություններն ու հեռանկարները», - ասել է նա:
Սեմինարի ընթացքում մասնակիցները կքննարկեն ֆինանսական հաստատությունների առջև ծառացած ամենակարևոր խնդիրները, որոնց բախվում են ֆինանսական կազմակերպությունները հաջող թվային բանկինգի ստեղծման հարցում: Փորձագետները նաև մասնակիցներին հնարավորություն են տալիս ծանոթանալ Եվրոպայի և Վրաստանի բանկերի փորձին թվային բանկինգի ոլորտում, դրանց հաջողությունների և քաղված դասերի մասին: Բացի այդ, կծանոթանան նաև չեխական ՏՏ ընկերությունների փորձին, որոնք մատակարարում են թվային բանկային ծառայությունների բարձրորակ ծրագրային ապահովման լուծումներ ֆինանսական հաստատություններին ամբողջ Եվրոպայում: Ծրագրին աջակցում են Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
Նշենք, որ BSC Ընկերությունը ֆինանսական հաստատությունների համար ծրագրային լուծումներ է մշակում 1990 թվականից: Այսօր ընկերությունը հանդիսանում է բանկերի և ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակման և ներդրման առաջատարներից մեկը: