Արմինֆո. Հայ գործարարները պետք է աշխատեն իրենց արտահանման առաջարկությունների ուղղությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
Նա պարզաբանել է, որ հայկական ապրանքների և ծառայությունների Չեխիա արտահանումը քանակական և արժեքային արտահայտությամբ գրեթե 10 անգամ զիջում է հայկական շուկա մատակարարվող չեխական ապրանքների ծավալներին: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ արտահանման հիմնական հոդվածների գծով (բրենդի, կոնյակ, գինի, մոլիբդեն, ցինկ, հանքաքար) Հայաստանի հետ առևտուրը զարգանում է բավականին դինամիկ: Սակայն առկա է արտահանման մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտություն: «Մեր վիճակագրության համաձայն, 2017 թվականին Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 85 տոկոսով, մասնավորապես, չեխական արտահանման ծավալները կազմել են շուրջ 38 մլն դոլար, մինչդեռ Հայաստանը ներմուծել է ընդամենը 3.5 մլն դոլարի ապրանքներ՚, - ընդգծել է դեսպանը: Նրա ասելով, Չեխիան հայկական շուկա է առաքում համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ, քիմիական արտադրանք:
«Ինձ համար ուրախալի է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի Չեխիա արտահանումը գերազանցում է արդյունաբերական արտադրանքի ծավալները, սակայն, ներուժն օգտագործվում է ոչ լիովին: Ցանկալի կլիներ` ավելին: Անհրաժեշտ է խթանել և դիվերսիֆիկացնել հայկական արտահանումը՚, - ասել է Պ.Միկիսկան: Դեսպանի համոզմամբ, խնդիրն առնչվում է հենց արտահանման առաջարկությանը: «Պակաս կոշտ պայմաններով շուկաներ արտահանելու դեպքում կարելի է մատակարարել ինչ ուզես: Բայց, օրինակ, ԵՄ երկրների շուկաները պահանջում են այլ որակ և համապատասխանություն որոշակի ստանդարտների: Երբեմն հայ գործարարների շրջանում այդ ֆոնին որոշակի դժվարություններ են ծագում: Սակայն, մյուս կողմից, նրանց հնարավորություն է ընձեռվում աշխատելու խոշոր և կայուն շուկայում, գլխավորը` կարողանալ մուտք գործել այնտեղ: Ուստի, այդ հարցում անհրաժեշտ է աջակցել ձեր արտահանողներին՚, - եզրափակել է դեսպանը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |