Արմինֆո. Թեղուտի հանքի շահագործումը չի դադարեցվել, այն ընդամենը ժամանակավորապես կասեցվել է, արդյունահանման աշխատանքները կսկսվեն արդեն տարեվերջին` հաջորդ տարեսկզբին: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այս ընթացքում հանքը շահագործող «Վալեքս՚ ընկերությունը լուծել է բոլոր տեխնիկական և բնապահպանական խնդիրները, և հանքավայրի շահագործումը կսկսվի ամենամոտ ժամանակները:
Ավելի վաղ նախարարն ընդգծել էր, որ երկու միջազգային կազմակերպություններ հետազոտում են հանքավայրի պոչամբարների վիճակը` բնապահպանական նորմերին դրանց համապատասխանությունը և հանքավայրի հետագա անվտանգ շահագործման հնարավորությունը պարզելու համար: Հետազոտություններից հետո անհրաժեշտ կլինի իրականացնել պոչամբարների արդիականացման աշխատանքներ, ինչի հետևանքնով նախագծի իրագործումը կշարունակվի: «Ոչ մի պետական երաշխիք չի տրամադրվել, և արդիականացումից հետո ծրագիրը կզարգանա՚, - հավաստիացրել էր Կարայանը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, իր հերթին, հայտարարել էր, որ Դեբեդ և Շնող գետերից վերցված նմուշները վկայում են դրանցում «Վալեքս գրուպ՚ ընկերության պոչամբարներից արտանետումների թույլատրելի նորմերի բացակայության մասին:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Իր պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում, Քաջարանի պղնձի հանքավայրից հետո 1991 թվականին հանքավայրի սահմանված պաշարները կազմել են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում` 1.6 մլն.տոննա պղինձ` 0.355% պարունակությամբ և 99 հազ. տոննա մոլիբդեն` 0.022% պարունակությամբ: Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր «Վալեքս՚ ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանը, պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտահանվեն հիմնականում Եվրոպայի երկրներ: Նա նշել էր, որ Թեղուտի նախագծում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ: Ինչ վերաբերվում է բնապահպանական ծրագրերին, ապա այստեղ նշվել է անտառատնկման ծրագիրը, որի համաձայն 375 հա անտառի փոխարեն, որը հանքավայրի մշակման նպատակով պետք է հատվի, կտնկվի 714 հա մակերեսով անտառ: «Թեղուտ՚ ՓԲԸ մեծ ուշադրություն է դարձնում նաև Թեղուտի տարածքում գտնվող պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանը: