Արմինֆո. Կուտակային համակարգի մասնակիցների միջոցները, նրանց համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում` պարտատոմսեր, բանկային ավանդներ, բաժնետոմսեր և այլն:
Ինչպես տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (ԿՀԻԿ), որպեսզի այս գումարները առավելագույնս պաշտպանված լինեն տարատեսակ բացասական ազդեցություններից, օրենքը սահմանափակում է, թե որտեղ և ինչ չափով կարող են կուտակային միջոցներով ներդրումներ կատարվել:
Սահմանափակումներից մեկը վերաբերում է ներդրումների աշխարհագրությանը և արժույթին:
Աղբյուրի համաձայն, կուտակային հատկացումներով ներդրումներ կատարվում են հայկական դրամով և արտարժույթով, ընդ որում` արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել կենսաթոշակային ֆոնդի միջոցների 40 տոկոսը: «Դա նշանակում է, որ գումարի առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` խթանելով երկրի տնտեսությունը»,- ասվում է ԿՀԻԿ հաղորդագրության մեջ:
Բացի արժույթների քանակական սահմանափակումից, խիստ կարևոր է նաև, թե որ երկրներում է թույլատրված կատարել կուտակային միջոցներով ներդրումներ. դրանք Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) և ԵՄ անդամ պետություններն են, որոնք ունեն կայացած կապիտալի շուկաներ և առավել ապահով են նմանատիպ ներդրումների համար:
Կուտակային համակարգի հաջողության գլխավոր նախապայման է կուտակվող միջոցներով ներդրումների քաղաքականությունը, ուստի հայաստանյան օրենսդրությունը այս տեսանկյունից թեպետ բավականին խիստ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կառավարիչներին` ներդրումները կատարել դիվերսիֆիկացված և ապահովել հնարավոր լավագույն արդյունքներ համակարգի մասնակիցների համար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |