Արմինֆո. Այսօր Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով: Ծրագրի մեկնարկային համաժողովին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաև ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, պատասխանելով ԱրմԻնֆ-ի հարցին, նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարևոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի և իրագործի էներգախնայող և էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձևավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի և գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաև մեր հանրապետության մյուս համայնքներում»:
«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։
Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արևելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի և Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ ԷԱՀՀ ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը և բարելավել բնակիչների կյանքը։
Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության և Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները ներկայացրել են էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։
Հիշեցնենք, որ 2018-ի հունվարին հայտարարվել էր, որ Եվրոպական Միությունը 1.74 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի հինգ նոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարելավման նպատակով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Սվիտալսկին համաձայնագրերի ստորագրման արարողությունից առաջ հայտարարել էր, որ այդ ծրագրերի իրականացումը մի վառ օրինակ է, որ ԵՄ-ը հանձնառու է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ըստ նրա, եղել են բազմաթիվ դիմումներ, բայց ընտրվել են առավել արդիականները: «Այս հինգ նոր ծրագրերը ներառում են մի շարք ոլորտներ, այդ թվում երիտասարդների խնդիրները փակ հաստատություններում, կանանց և կողմից կառավարվող կազմակերպությունների ինչպես նաև կառավարության կողմից բյուջեի կատարման և էներգիայի ծախսերի կրճատման քաղաքականության հետ կապված հարցեր: Հետևաբար, անկախ ձեր հետաքրքրությունից, դրանք վերաբերում են բոլորիդ» - ասել է նա: