Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային առաջին հարցով խորհուրդը հաստատել է Բագրատաշենում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ինժեներական ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված միջազգային մրցույթի արդյունքները և կնքվելիք պայմանագիրը: Մրցույթի արդյունքներով որակավորված և համապատասխանող մասնակից է ճանաչվել JVCA of Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd ընկերությունը: Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի ինժեներ` «Սաֆեժ Էս.Ա. և Էպտիսա» ՀԳ կազմակերպության հետ կնքված պայմանագրի փոփոխությունները, սահմանել Տրանշ 2-ի շրջանակներում ձեռքբերված հողամասերի հետագա տնօրինման կարգը: Խոհուրդը հաստատել է նաև «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման համաձայնագրերը, ինչպես նաև Տրանշ 2-ի, Տրանշ 3-ի գնումների պլանների փոփոխությունները և Տրանշ 4-ի գնումների պլանը:
Հիշեցնենք, որ 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ՙՀյուսիս–Հարավ՚ միջանցքի ստեղծման նախագիծը թույլ կտա ելք ապահովել դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, տարանցիկ պետության դեր ստանձնել տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: Մայրուղու առաջին մի քանի հատվածների շինարարության հայտամրցույթներում հաղթել է իսպանական Corsan Corviam-ը, վերջին հայտամրցույթում (Լանջիկ-Գյումրի տեղամաս)` չինական Sinohydro Corporation-ը: Ուշագրավ է, որ «Հյուսիս-Հարավ՚ փոխադրամիջոնցքի հարավային մասը Հայաստանի վրա կնստի 1,5 մլրդ դոլար, իսկ ողջ նախագիծը` 2-2,5 մլրդ դոլար: Նշենք, որ գոյություն ունեցող կամուրջը Դեբեդ գետի վրա կառուցվել է 1960 թվականներին: Նոր կամրջի կառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում, ՎԶԵԲ 10.3 մլն.եվրո ծավալի միջոցներով, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Հայաստանի և Վրաստանի միջև համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի $ 112,960 մլն. վարկ, կայուն քաղաքային զարգացման երկրորդ ներդրումային ծրագրի (Sustainable Urban Development Investment Program 2) զարգացման նպատակով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2020 թվականը, որի առաջին տրանշի շրջանակներում նախատեսվում է արդիականացնել Երևանի Արշակունյաց – Բագրատունյաց փոփոցների խաչմերուկից մինչև Նորագավիթ հատվածը, շարունակվելով դեպի Արտաշատի խճուղի և միանալով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն: Երկրորդ տրանշը կշարունակի ծրագիրը: Նախատեսվում է, մասնավորապես, երկարաձգել ճանապարհը Նորագավիթից մինչև Արգավանդ – Շիրակի փոփղոցների խաչմերումը, իսկ այնտեղից դեպի Բաբաջանյան փողոց և Մալաթիա Սեբաստիա, մինչև Աշտարակի խճուղին, իսկ երրորդը ուղղությունը` Դավթաշենի կամրջից դեպի Աշտարակի մայրուղի տանող հատվածն է: