Արմինֆո. Երրորդ կողմի`շվեյցարական SGS միջազգային ընկերության միջոցով Աբխազիայի տարածքով տրանսպորտային նոր միջանցքի բացման վերաբերյալ ռուսական և վրացական կողմերի միջև կայացած վերջին`43-րդ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց: Այս մասին ապրիլի 13-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը:
«Տարեսկզբից տեղի են ունեցել քաղաքական լուրջ իրադարձություններ, որոնք էլ ավելի հեռացրեցին այս հարցի լուծման հնարավոր ուղիները, ինչի մասին այնդան երազում է Հայաստանը», - ասել է փորձագետը: Այս առումով նա նշել է փետրվարին Վրաստանի քաղաքացու սպանությունը Ցխինվալիում, ով, իբր, զբաղվում էր հետախուզական գործունեությամբ, ինչն առիթ դարձավ երկարատև տարաձայնությունների: Դրանից հետո ռուս-վրացական հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձավ Ս. Սկրիպալի թունավորմանն Անգլիայում: «ԵՄ և Անգլիան ԵՄ անդամ երկրներին կոչ արեց իրենց երկրներից արտաքսել ռուսաստանյան դեսպաններին: Ռուսական կողմը Վրաստանին խնդրեց չընդունել նման որոշում: Բայց մենք գիտենք, որ Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ռուսական բաժինը, որտեղից արդեն արտաքսել են մեկ աշխատակցի: Սա ևս մեկ քայլ է, որն ազդում է գործընթացի վրա, որը, կարծես, արդեն մոտենում է իր ավարտին: Իսկ այսօր Վրաստանը հասկացել է, որ Աբխազիայի տարածքով այլընտրանքային երթուղիներ արդեն երկար ժամանակ չեն լինելու», - ասել է Մ. Առաքելյանը:
Փորձագետը գտնում է, որ Հայաստանը, որը տարանցիկ երկիր չէ, ներկա իրավիճակում պետք է մտածի իր շահերի մասին: Կառավարության թիվ մեկ խնդիրը, ըստ Մ.Առաքելյանի, պետք է լինի, ենթակառուցվածքների բարելավումը, մասնավորապես, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից և այլ երկրների բեռնափոխադրումների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականին Ժնևում ստորագրվեց համաձայնագիր, որը նախատեսում է երրորդ կողմի`շվեյցարական SGS ընկերության միջոցով տրանսպորտային միջանցքի բացում, որն իր հսկողության տակ պետք է վերցներ բեռները Վրաստանում (Աբխազիայով փոխադրվող) և ՌԴ տարածքում հանձներ ռուսական կողմին: Սակայն, այդ հատվածի բացման հարցը մի շարք պատճառներով մնում է «կախված»: Ավելի վաղ, ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Գագիկ Աղաջանյանը նշել էր, որ հայկական կողմը պետք է շատ ինտենսիվ աշխատեր Ռուսաստանի հետ: «Միջանցքը չի աշխատել միայն այն պատճառով, որ ԱՀԿ-ին անդամակցելուց հետո ռուսական կողմը սառեցրեց այդ նախագիծը: Միևնույն ժամանակ, ռուսական ԶԼՄ-ները շատ գրեցին, որ բանակցությունները, իբր, հաջողության չհասան, քանի որ վրացական կողմը բարձրացրեց Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: Ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա: Դա սուտ է: Պարզապես պետք էր սլաքները տեղափոխել Վրաստանի վրա», - նշել էր նա: