Արմինֆո. Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը: ԱՅս մասին տեղեկացրել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:
Մինչ այդ, ապրիլի 17-ին ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում:
Նախկինում Մեղրիի ՀԷԿ-ը համարվում էր հայ-իրանական խոստումնալից համատեղ ծրագիր: Թեև կողմերը հասել են նախագծի վերջնական փուլին և շինարարության մեկնարկը հայտարարել դեռ 2012-ի նոյեմբերից, աշխատանքները դեռ չեն սկսվել` Թեհրանի սահմանափակումների պատճառով: Եթե նախագիծն ավարտվի, կայանը կդառնա Անդրկովկասում ամենամեծը: Նախագծի համաձայն, $ 323 մլն-ի շինարարությունը ֆինանսավորվելու է իրանական ներդրումային ընկերության կողմից: Հայաստանն իր մասը կվճարի արտադրվող էլեկտրաէներգիայով, իսկ 15 տարի հետո կայանը կփոխանցվի հայկական կողմին: Առայժմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները չեն կարողանում շարժվել մեռյալ կետից, իսկ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանի և Բաքվի միջև տնտեսական կապերը կտրուկ ուժեղացան: Իրանի խորհրդարանը հաստատել է Ադրբեջանի հետ երկու հիդրոէլեկտրակայանների համատեղ շինարարության նախագիծը: Իսկ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ եթե այդ ծրագիրն իրականացվի, Հայաստանում Մեղրիի հիդրոէլեկտրակայանի ջրի ծավալը կարող է պարզապես բավարար չլինել:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |