Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Պետական նախարարը կարևորել է Արցախի և Աբխազիայի միջև կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ հնարավորություններ կան, և հետագա ջանքերը պետք է ուղղել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախի հետ ստեղծված հարաբերություններն անկեղծ են և բարեկամական: Դաուր Կովեի խոսքով՝ այդ հարաբերությունների ամրապնդման գործում իր ծանրակշիռ ավանդն ունի նաև Աբխազիայի հայ համայնքը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ Աբխազիայի ԱԳ նախարարը նշել է, որ հարցն իսկապես օրակարգային է, քանի որ նման ցանկություն ունի նաև աբխազական կողմը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |