Արմինֆո. Lydian ընկերության ձևավորած անկախ խորհրդատվական խումբը, որն զբաղվում է Ամուլսար հանքավայրի յուրացման նախագծի դիտարկմամբ, ներկայացրել է առաջին տարեկան հաշվետվությունը: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է խմբի ղեկավար, դոկտոր Ջոն Հարքերը:
«Մենք անցկացրել ենք Ամուլսարի նախագծի գնահատում և մշակել ենք 19 բավականին ծանրակշիռ առաջարկություններ, որոնք Lydian Armenia-ն կարող է հաստատել Ամուլսարի նախագծի իրագործման շրջանակում՚, - ընդգծել է նա: Խմբի ղեկավարը նշել է, որ հաշվետվությունում տեղ գտած առաջարկությունները նպատակաուղղված են ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, անկախ փորձագետների խումբն ընկերությանը կոչ է արել կատարելագործել կապալառու ընկերությունների սոցիալական և տնտեսական գործունեության կառավարման մեխանիզմները:
ԱրմԻնֆո-ի հետ զրույցում խմբի անդամ, էկոլոգիական փորձագետ Հայկ Աքարմազյանը նշել է, որ փորձագիտական հանձնարարականներն, ընդհանուր առմամբ, շոշափում են երեք բլոկ` սոցիալական, էկոլոգիական և առողջապահական: Հաշվետվության առանձին բաժին նվիրված է ցիանիդին: «Այն պահից, երբ քիմիական նյութը կառաքվի Հայաստան, անհրաժեշտ է սահմանել պետության, մասնագետների, հանրության և այլ շահագրգիռ կողմերի լուրջ վերահսկողություն՚, - ընդգծել է նա: Սակայն այսօր փորձագետն Ամուլսարի նախագծի իրագործմանն առնչվող լուրջ խնդիրներ չի տեսնում: «Շատերն ասում են, որ վաղը վատ կլինի: Ուստի մենք նախապատրաստել ենք հանձնարարականներ ներառող հաշվետվություն, որոնք թույլ կտան խուսափել բացասական հետանքներից ոսկու կորզման գործընթացը մեկնարկելիս՚, - պարզաբանել է նա:
Հավելենք, որ անկախ փորձագիտական խումբը ձևավորվել է 2017 թվականին: Դրա կազմում ընդգրկվել են հայ և միջազգային փորձագետներ այնպիսի ուղղությունների գծով, ինչպես` բնապահպանությունը, առողջապահությունը, սոցիալական ոլորտը, մարդու իրավունքները: 7 փորձագետներից բաղկացած խումբն զբաղվում է Lydian Armenia ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման հետազոտմամբ` լեռնահանքային ճյուղի լավագույն միջազգային փորձին համապատասխան:
Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: