Արմինֆո. Հայայստանն ու Իտալիան մտադիր են ընդլայնել երկկողմ կապերն էներգետիկայի ոլորտում: Համագործակցության հեռանկարների մասին նախօրեին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը խոսել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացման, ընդլայնման և ոլորտի առաջխաղացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության կողմից «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրին: Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել, որ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում:
Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ Իտալիան հարուստ փորձ ունի վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հավելել, որ մտադրություն կա համագործակցելու մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխշահավետ գործակցության եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները առավել խորացնելու նպատակով:
Հավելենք, որ Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման 300 մլն դոլար արժողությամբ ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն 250 ՄՎտ լրացուցիչ հազորություններ: Ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն տեղեկացրել էր, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել համակցված գազատարի ցիկլով բլոկ, որի վրա կաշխատեն 200 մշտական և բարձր վարձատրվող մասնագետներ: Շինարարության մեջ կօգտագործվեն լավագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, իսկ օգտակար գործողության գործակիցը կլինի 53%, մինչդեռ ներկայումս Հրազդանի էներգաբլոկի այս ցուցանիշը հավասար է 44%-ի, Երևանի ՋԷԿ-ինը`49%: Պետությունը պարտավորվում է առաջին 20 տարիներին գնել բլոկի կողմից արտադրված ողջ էլեկտրաէներգիան, 6 ԱՄՆ ցենտով (առանց ԱԱՀ):