Արմինֆո. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը, ով այսօր իր առաջին աշխատանքային այցն էր կատարել դեպի ՀԱԷԿ:
«Դա պատահական չէ, քանի որ դրանով մենք կարևորում ենք ատոմակայանի դերը և նշանակությունը երկրի տնտեսության համար», - ասել է նախարարը: Նրա խոսքերով, նա տեղում է ծանոթացել ընթացիկ և նախապատրաստական աշխատանքներին, որոնք շատ շուտով կսկսվեն: Հունիսի 1-ին կայանի ռեակտորը կկանգնեցվի և կսկսվեն վերանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք հիմնականում կկատարի ռուսական կողմը: «Բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք ենթակա են փոխարինման, արդեն մատակարարվել են, և այդ առումով որևէ խնդիր չկա», - ասել է Արթուր Գրիգորյանը:
Նա հավելել է, որ, արդիականացման արդյունքում երկրորդ ռեակտորի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով, մինչև 2027 թվականը: «Այդ ժամկետից հետո խորը և համապարփակ մասնագիտական հետազոտության արդյունքում որոշվելու է, թե արդյոք կայանը ենթակա է հետագա շահագործման, թե ոչ», - ասել է նախարարը, հավելելով, որ այդ կապակցությամբ անհրաժեշտություն չկա քննարկել նոր բլոկի շինարարության հարցը: Մանավանդ, որ ներքին սպառման համար հանրապետությունը ունի անհրաժեշտ հզորութոյւններ: «Նոր բլոկի կառուցման հարցը դեռ չի քննարկվել», - նշել է Արթուր Գրիգորյանը:
Նշենք, որ, հայկական փորձագետների կարծիքով, Հայկական ատոմային էլեկտրակայանը կարող է առանց պրոբլեմների գործել մինչև 2040 թվականը: Հայ էներգետիկների նեղ շրջանակներում, քննարկվում է նաև 10 տարուց հետո և 5 տարով երկարաձգելու հնարավորությունը, իսկ դրանից հետոէ ևս 10 տարով:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: