Արմինֆո. Բենզինի գները Հայաստանում կշարունակի աճել, թեև նոր կտրուկ աճ չի ակնկալվում: Վերջին ամսում բենզինի գները միջին հաշվով աճել են 6-8%, 480 դրամ մեկ լիտր A95-ի համար:
Ըստ Gazety.ru-ի, բենզինի գները Ռուսաստանում շաբաթվա ընթացքում, մայիսի 21-27-ը աճել են 88-90 կոպեկով: Ընդ որում, AИ92 բենզինի գինն ավելացել է 90 կոպեկով, մինչև 42.21 ռուբլի մեկ լիտրի համար, իսկ AИ95-ի գինը`88 կոպեկով, մինչև 45,5 ռուբլի: Այսինքն, գինը բարձրացել է ընդամենը 1,5-2%:
Ըստ ԱրմԻնֆո-ի տնտեսական փորձագետների կարծիքի, գների աճը պայմանավորված կլինի ոչ միայն Ռուսաստանում տեղի ունեցող աճով, կապված նավթի համաշխարհային գների թանկացման հետ, այլ նաև այն հանգամանքով, որ բենզինի մատակարարումը Հայաստան աշխարհագրորեն դիվերսիֆիկացված չէ և մատակարարվում է բացառապես մեկ երկրից, «Ռոսնեֆտ» ընկերության միջոցով, որն օպերատոր է հանդիսանում 2013 թվականի միջկառավարական համաձայնագրով: Ընթացիկ տարում «Ռոսնեֆտ»-ը Հայաստանին մատակարարել է 210 հազար տոննա նավթամթերք, 175 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:
Ավելին, գների աճը պայմանավորված է ևս մեկ այլ կարևոր գործոնով, ներքին շուկայում առկա մենաշնորհներով կամ ոչ ֆորմալ քվոտաներով, որոնք «տեղաբաշխված» են երկու հիմնական միջնորդ նավթաթրեյդերական ընկերությունների` մոնոպոլիստների միջև:
Մի քանի տարի առաջ բենզինի և դիզելային վառելիքի Հայաստան էր բերվում 5 նավթային թրեյդերների միջոցով, ոչ միայն Ռուսաստանից, այլև Ռումինիայից և Բուլղարիայից: Բայց նույնիսկ այն ժամանակ տեղի էր ունենում գների կտրուկ և անհիմն աճ, պայմանավորված մոնոպոլիաների առկայությամբ, ինչպես նաև կախված նավթի միջազգային գներից և դոլարի տատանումներից երկրի ներսում: Անգամ նավթի բազաներում արդեն բերված բավականաչափ ծավալներով վառելիքի առկայությունը չէր ազդում գնային կտրուկ տատանումների վրա, քանի որ մոնոպոլիստ-ներմուծողներն իսկույն արձանագրում էին ապագա շահույթը: Քանի դեռ այս ոլորտում մենաշնորհային իրավիճակը չի փոխվել, Հայաստանը, որը չունի իր սեփական նավթավերամշակման գործարանը, ստիպված է լինելու հայելու նման արտացոլել Ռուսաստանի գնային իրավիճակը, գումարած մեկ լիտրի դիմաց 0.20 եվրոյի ծախսերը, մանավանդ, որ 2025 թվականին կսկսի գործել ԵԱՏՄ վառելիքի և էներգետիկայի միասնական շուկան: Բայց այդ ժամանակ վառելիքի ներքին գները Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, կմոտենան եվրոպական գներին`մեկ լիտրի համար 1,2-1,5 եվրո: Իսկ հայ-իրանական սահմանին նավթի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը կարող էր հարթել իրավիճակը, այդպես էլ մնացել է թղթի վրա:
Նշենք, որ ԱՊՀ որոշ երկրներ, վախէնալով գների կտրուկ տատանումներից, ձեռնարկում են սեփական պաշտպանող միջոցները: Այսպես, Ղազախստանը որոշեց ժամանակավորապես դադարեցնել ռուսական վառելիքի ներմուծումը: Այն կապահովեն սեփական գործարանները: Բայց ղազախ փորձագետները հասկանում են, որ դա ընդամենը ժամանակավոր ելք է, ցնցումներից խուսափելու և գների սահուն աճ ապահովելու համար:
Երկրի ներքին տնտեսության և գնաճային մակրոիրավիճակի վրա բենզինի գների ուղղակի և ուժեղ ազդեցությունը կանխելու կարևոր գործոն է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում մեքենաների 80%-ն աշխատում է գազով: Սակայն, բենզինի և դիզելային վառելիքի բարձր գներն զգալիորեն մեծացնում են ֆերմերների ծախսերը: