Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար Արմեն Հարությունյանը այսօր այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի բարելավմանն ուղղված հարցեր։
Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հանգամանալից ներկայացրել է հիմնադրամի կառուցվածքը և ծրագրերը, որոնք միտված են նվազեցնել գյուղական տարածքներում աղքատությունը` մշակելով ավելացված արժեքով արտադրանքի շղթա, որտեղ ինտեգրվում են կայունության չորս ոլորտներ` տնտեսական, ֆինանսական, տեխնիկական և սոցիալական: Նախարարը նաև շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ:
Նշենք, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հայաստանյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին` որպես ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ: CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |