Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը կաշխատի պետբյուջեի նախագծի մշակման ուղղությամբ` անկախ քաղաքական իրավիճակի զարգացումից: Մայիսի 31-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը, մեկնաբանելով հարցը, թե` արդյոք առաջիկա աշնանը նախատեսվող վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները չեն անդրադառնա 2019 թվականի երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծի ժամանակին մշակման և ԱԺ ներկայացման վրա:
«Մտավախություն, իհարկե, կա, բայց, ամեն դեպքում, կաշխատենք՚, - նշել է Ատոմ Ջանջուղազյանը, հավելելով, որ պետբյուջեի նախագծից զատ կառավարությունը պետք է ներկայացնի նաև միջնաժամկետ ծախսերի ծրագիր:
Նախօրեին պետական բյուջեի կատարման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ֆինանսների նախարարն ընդգծել էր, որ կառավարությունը կհասցնի նախապատրաստվել 2019 թվականի պետական բյուջեի ներկայացմանը ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նախարարի ասելով, վիթխարի ծավալի աշխատանք է սպավում բյուջետային ծրագրերի և միջոցառումների մշակման ուղղությամբ: «Դժվար է լինելու, բայց, կարծում եմ, կհասցնենք՚, - նշել էր Ատոմ Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովն ուղղումներ է կատարել «Բյուջետային համակարգւի մասին՚ օրենքում և հարակից օրենքների փաթեթում, որոնցով նախատեսվում է 2019 թվականից պետական բյուջեի նախագիծը ներկայացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Յուրաքանչյուր առանձին բյուջետային ծրագրի կատարման համար պատասխանատվություն կկրի համապատասխան լիազոր մարմինը: Երկարաժամկետ ծրագրեր իրագործելիս Պետական բյուջեի վերաբերյալ փաթեթում կներկայացվի նաև տեղեկատվություն, որը պետք է ներառի այդ նախագծերի մանրամասն բնութագրերը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բյուջետային ծրագրերի իրագործման ժամկետներին, պետբյուջեի վրա դրանց ազդեցությանը, առաջիկա մի քանի տարվա ակնկալիքներին: Անցումը ծրագրային բյուջետավորմանը կբարձրացնի բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այն հնարավորություն կընձեռի ներկայացնել ոչ միայն ֆինանսական, այլև այն աշխատանքների արդյունքները, որոնք, իրենց հերթին, թույլ են տալիս գնահատել ծրագրերի իրագործելիությունը: