Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին ընդունել է «Ջերմատնային ասոցիացիա» գյուղատնտեսական ՀԿ-ի նախագահ Արտավազդ Խաչատրյանին, տնօրեն Պողոս Գևորգյանին, Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանին։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը նպատակ ուներ լսել փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների կողմից բարձրացվող հարցերը և քննարկել նրանց մրցունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը, այլ պատասխանատուներ։
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ներկաներին, որ մշակվել է լիզինգի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները շուտով հնարավորություն կունենան նաև ջերմոցներ հիմնել և ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝ հունիս-հուլիս ամիսներին։
Հանդիպման մասնակիցները մասնավորապես առաջ են քաշել բնական գազի դիմաց տարաժամկետ վճարման, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ պայմանավորված ջեռուցման առավել երկար ժամանակահատվածով իջեցված սակագնի վճարման ժամկետի երկարաձգման և այլ հարցեր։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հորդորել է մշակել առաջարկների փաթեթ և ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |