Արմինֆո. Հունիսի 6-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում էր Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Մինասյանը ողջունել է հյուրերին, նշել նման ներկայացուցչական պատվիրակության այցի կարևորությունը Հայաստանի համար։ Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք ուղղություններով Արծվիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության և օժանդակության հնարավորությանը։
Պատվիրակության ղեկավար Մարկ Փրիթչարդը շնորհավորել է նախարարին կառավարությունում աշխատանքը շարունակելու կապակցությամբ և հայտնել համագործակցության պատրաստակամությունն ու բրիտանացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, աուդիտորական, քաղաքաշինության, ներդրումների, վերականգվող էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության շուրջ։
Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված գործակցության կարևորությունը, խոսել տնտեսական գործունեության ազատականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արվող քայլերի մասին, հույս հայտնելով, որ բրիտանացի գործարարների այցը արդյունավետ կլինի և գործարար նոր հարաբերությունների հիմք կհանդիսանա։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թվականին կազմել է 41.5 մլն դոլար, տարեկան 41.5% աճով: Միևնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 3.1 անգամ, մինչև $ 5.1 մլն, իսկ ներմուծումը`31.3%, հասնելով 36.4 մլն դոլարի: