Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության ղեկավար Յորգեն Էլմեսկոֆին:
Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, որոշումների կայացման գործում և ընդգծել Հայաստանի վիճակագրական կոմիտեի ու Դանիայի վիճակագրական ծառայության սերտ համագործակցության անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովն օգտակար կլինի փոխգործակցության ամրապնդման, ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման հարցում: Վարչապետը նշել է, որ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, ինչը կնպաստի հանրային վստահության ապահովմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ սա ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից մեկն է:
Յորգեն Էլմեսկոֆը նշել է, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է տևական արդյունավետ համագործակցություն և անդրադարձել վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ դրանք ուղղված են օբյեկտիվ և անկողմնակալ վիճակագրական համակարգի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |