Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 18-ին ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային:
Քննարկվել են Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ:
Օլաֆ Զիմելկան հույս է հայտնել, որ ծրագրի հետ կապված տեխնիկական խնդիրներն առաջիկայում վերջնական լուծում կստանան, որի արդյունքում ծրագիրը կմտնի իրականացման փուլ: Այդ համատեքստում նախարարը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ծրագիրը կյանքի կոչելու հարցում՝ հաշվի առնելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը թույլ կտա ընդլայնելու տարածաշրջանային համգործակցությունը՝ կապող օղակ դառնալով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովն ընթացիկ տարվա մարտի 15-ին նիստում հավանության է արժանացրել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված տեխնիկական առաջադրանքը: Ըստ տեխնիկական առաջադրանքի` ծրագիրը բաժանվում է փուլերի: Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաև նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչև Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում: Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը: Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արևային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ: Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30 տոկոսով: Բացի դրանից կկառուցվի նաև արևային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20 տոկոսի իրական տնտեսումով: Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի և Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ: Հիշեցնենք, որ ծրագրի առաջին երկու փուլերը գնահատվում են 188,2 մլն եվրո: Դրանց ֆինանսավորման աղբյուրնրեն արդեն որոշվել են: Այդ նպատակով 2014-2015 թթ. ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո վարկ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ Եվրահանձնաժողովից: Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Մինչև 2019 թ. վերջը կավարտվի նաև Իրան-Հայաստան ԷՀԳ կառուցումը, ինչը թույլ կտա ստեղծել էներգետիկ միջանցք:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ