Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։
Պետական նախարարը, ի պաշտոնե լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ողջունել է գերատեսչության աշխատակիցներին՝ բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունն Արցախի տնտեսության զարգացման գործում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարևոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, այնպես էլ բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում: «Մեր երկրում առկա է փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող տարբեր բնույթի խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվ տարեցտարի աճում է հանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցության ցուցանիշը: Այսուհետ ևս կառավարությունը շարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման և ուղղակի աջակցության քաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:
Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործող ծրագրերը և ավելի մատչելի պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:
Պետնախարարը հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաև գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանց արդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել և առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնել։ Նա հորդորել է մեծացնել տեղեկատվաապահովման աշխատանքները, որպեսզի իրականացվող ծրագրերի մասին հանրությունն առավելագույնս տեղեկացված լինի։ Շնորհակալություն հայտնելով պետնախարարին հանդիպման համար՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարականների կատարմանը: