Արմինֆո. ՍԾՏՀԿ-ում Հայաստանի 5-րդ նախագահություն հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20-ամյակը: Այդ մասին ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ որում, նա վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով: «Հանդիսանալով ՍԾՏՀԿ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր և ունենալով տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտում զգալի կարողություններ՝ Հայաստանը հետևողականորեն խրախուսում է այս բնագավառում անդամ պետությունների միջև նպատակաուղղված համագործակցությունը: 2019թ. Հայաստանը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Մենք հրավիրում ենք ՍԾՏՀԿ անդամ պետություններին օգտվել այս հնարավորությունից՝ կիսվել և փոխադարձաբար օգուտ քաղել մեր հավաքական փորձից և առավել ընդլայնել այս բնագավառում տարածաշրջանային ամուր համագործակցությանը:
Զբոսաշրջության կայուն զարգացումը նշանակալի ներուժ է կրում ՍԾՏՀ տարածաշրջանում համագործակցության համար: Հայաստանը նախաձեռնել է «Գինու զբոսաշրջությունը Մետաքսե ճանապարհինե նախագիծը և հետամուտ է դրա իրականացմանը նաև ՍԾՏՀԿ - Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն համագործակցության շրջանակներում: Նախագիծն արդեն իսկ վայելում է ՍԾՏՀԿ որոշ անդամ պետությունների աջակցությունը: Մյուսներին ևս կոչ ենք անում միանալ:
Համագործակցության ձեռնարկատիրական հարթության շրջանակում Հայաստանը կարևորում է ՍԾՏՀԿ տնտեսական համայնքի շրջանակներում առավել ամուր ներգրավվածությունը, գործարար փոխհարաբերություններում փոքր և միջին ձեռնարկությունների խթանումը և աջակցությունը:
Մենք նաև հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ 2012 թ. տնտեսական օրակարգն ունի վերանայման և համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք։ Այս առումով ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ներուժը իրատեսական գնահատման կարիք ունի։ Որպես միջազգային կազմակերպություն՝ ՍԾՏՀԿ-ն միակը չէ, որ անցնում է բարեփոխումների միջով: Մենք բոլորս կարիք ունենք առավել արդյունավետ և գործուն կազմակերպության։ Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացը չի նշանակում Կազմակերպության հիմնական նպատակների վերաշարադրում։ Հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման համար մենք պետք է ձեռնարկենք արդյունքին միտված գործնական և իրատեսական միջոցներ, որպեսզի հասնենք վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված ռազմավարություններին և ՍԾՏՀԿ հանրությանը, որպես այդպիսին, ընձեռենք շոշափելի օգուտներ»,- ասել է Մնացականյանը:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀ-ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաև ամուր և ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Գագաթաժողովի շրջանակներում հյուրընկալելու ենք նաև Ֆրանկոֆոն գործարար ֆորումը, որն ամուր հարթակ կդառնա աշխարհի 80 երկրներից ժամանած տարածաշրջանային ու համաշխարհային բիզնես դերակատարների, կառավարական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև ՍԾՏՀԿ մեր գործընկերների և նրանց գործարար շրջանակների մասնակցությունն այս ֆորումին»,- ասել է Մնացականյանը: