Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ադելաիդա Բաղդասարյանին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business» նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը և աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային և ԵՄ շուկաներում հաստատվելու գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման համար բանակցությունների գլխավոր վարչության կողմից որպես EU4business նախաձեռնության բաղադրիչ:
Հայաստանում ծրագրի իրականացումը սկսվել է ագրովերամշակման ոլորտի ՓՄՁ-ների շրջանում կատարված հետազոտությամբ, որի արդյունքների վրա հիմնվելով՝ աջակցության նպատակով ընտրվել են երեք արժեշղթաներ` վերամշակված միրգ և բանջարեղեն, մրգի և բանջարեղենի չիր, և բուսական թեյ՝ հաշվի առնելով դեպի ԵՄ դրանց արտահանման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին և կարևորելով ծրագրի իրականացումը հատկապես ՓՄՁ-ների և գյուղմթերքի արժեշղթաների զարգացման համար` նախարար Արթուր Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք։ «Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ, որովհետև շատ հարցերում համախոհ ենք», – հավելել է Արթուր Խաչատրյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացմանը, վերամշակման ոլորտի հետագա զարգացմանը, բնական աղետների վնասների նվազեցմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը և մի շարք այլ հարցեր:
Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ վերամշակող ճյուղի խթանման նպատակով Հայաստանում առաջիկայում կիրականացվի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով լիզինգով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագորշվող սարքավորումներ։