Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ներկայացրել են երկկուսակցական բաց նամակ, որում գործընկերներին կոչ են անում դիմել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ու խնդրել վերանայել Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: Կոնգրեսականները նամակում ընդգծում են, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը: Նամակագիրները կոչ են անում ֆինանսների նախարարին առաջնահերթ կարգով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին ձեռնարկված քայլի համար, ընդգծելով, որ կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը hստակ իրավաբանական հարթակ կստեղծի իրավասության երկու տարածքներում գործող ներդրողների ու անհատ ձեռնարկատերերի համար, կկանխի կրկնակի հարկումն ու կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բացի այդ, փաստաթուղթը կօգնի ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, Հայաստանին կուղղի դեպի Արևմուտք, Երևանին ռազմավարական միջոցների ավելի լայն հնարավորություն, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների հետ հարաբերություններում անկախություն կընձեռի:
Նշենք, որ մինչև այսօր ԱՄՆ-ն և Հայաստանը առևտրային-մաքսային հարաբերությունները կարգավորում են 40 տարի առաջ ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ-ի միջև կնքված համաձայնագրով
Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․ մայիսին նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Ինչ վերաբերում է կրկնակի հարկումը բացառող երկկողմ համաձայնագրին, Ֆինանսների նախարարությունը փաստաթղթի կնքման որոշում չի կայացրել, դա կկայացնի մեկ հստակ չափանիշի հիման վրա՝ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները ցանկանում են ունենալ նման համաձայնագիր, կամ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները կշահեն նման համաձայնագրից: ԽՍՀՄ-ի հետ [1973թ․] կնքված համաձայնագիրը դեռ գործում է, և ընկերությունները դեռ այն օգտագործում են, սակայն մենք ակտիվ քննարկումների մեջ ենք հայ-ամերիկյան երկկողմ ձևաչափում»,- ԱՄՆ Կոնգրեսում նաև ասել է Ջոն Հեֆերնը: