Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները հնարավորություն կտան երկկողմ փոխգործակցությամբ իրականացնել նոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին ու տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, որոնք ուղղված են կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է այս ուղղություններով ՀԲ-ի հետ համագործակցության ընդլայնմամբ:
Դեբորա Վետցելը շեշտել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերի իրականացմանն ու մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնելու ծրագրերը, այդ թվում՝ բաց կառավարման, թափանցիկության բարձրացման և ներդրողների համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |