Արմինֆո. ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը, nախարարն ողջունելով հյուրերին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության պատրաստակամության համար. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Բիզնես Արմենիայի աշխատանքներին թե′ Հայաստանում և թե′ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգևորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրներին, և ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու և մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը:
Արմեն Ավակ Ավակյանն էլ իր հերթին նշեց, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում.«Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին մասնակցել արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել և ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,-հայտնել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:
Հայաստանյան գործընկերների հետ աշխատանքային համագործակցության նոր փուլի հիմքը հանդիսացավ Բիզնես Արմենիայի և ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության համաձայնագրի կնքումը:
Օրվա երկրորդ կեսին Բիզնես Արմենիայի պատվիրակությունը նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ բերդաքաղաք Շուշիում էր: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվեցին երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաև աշնանը Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի կազմակերպման և ծրագրերի մշակման հարցերը:
Հայաստանի զարգացման հիմնադրամն ստեղծվել է (ՀԶՀ) 2015 թվականին Հայաստանի կառավարության կողմից` Հայկական զարգացման գործակալության և Ազգային մրցունակության հիմնադրամի հիման վրա` երկրի տնտեսական աճը խթանելու համար: Միևնույն ժամանակ, Հայաստան ներդրումներ ներգրավելու համար գործում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարույթյունը, որը նախկինում համեստորեն կոչվում էր Էկոնոմիկայի նախարարություն և վերանվանվել է հենց երկրի մեծ ֆինանսական հոսքեր ներգրավելու առաքելության առնչությամբ: