Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից կառավարությանն է ներկայացվել նոր ծրագիր։ Նախագծով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը։
Հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ այս ծրագրին աջակցեության հնարավորությունը կարող է դիտարկվել հետևյալ երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո միայն.
1. Արդյո՞ք կարողանալու է ընկերությունը լավագույն փորձի հիման վրա հոգալ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցը և ապահովել արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրը:
2. Արդյո՞ք այս գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերը կարող են ապահովել հումքի անհրաժեշտ ծավալները՝ առանց հանքերի գերշահագործման:
Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու և ծրագիրը գնահատելու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ Հետագայում, արդյունքների մասին հավելյալ տեղեկությունը կհրապարակվի, ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programme» ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ: