Արմինֆո. Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2018 թվականի առաջին կիսամյակում ավելացել է 3,9%, կազմելով 277,7 հազար դրամ / 1 քառ.մետր: Այս մասին են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների գնահատականներով, առաջին կիսամյակում վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է գների մի փոքր աճ: Այսպես, անցյալ տարվա առաջին կիսամյակում Երևանում գույքի գները նվազել են 2.8%, իսկ նախորդ տարվա վերջին անկումը կազմել էր 3.5%: Այսպիսով, վերլուծաբանների կարծիքով, այսօր արդեն կարելի է ավելի մեծ հավանականությամբ պնդել անշարժ գույքի շուկայի լավատեսական սպասումների մասին, կապված ներքաղաքական գործընթացների ու ներդրումային գործընթացների ակտիվացման հետ:
Այսպես, ըստ Կադաստրի տվյալների, բնակարանների ամենաբարձր գները Երևանում ավանդաբար արձանագրվել են Կենտրոն համայնքում, միջինը`504.2 հազար դրամ / 1քմ, տարեկան աճը`15,8%: Այնուհետև հաջորդում են`Արաբկիրը`361.5 հազար դրամ / 1 քմ, տարեկան 4% աճով, Դավիթաշենը`279.1 հազ. դրամ / 1 քմ, տարեկան 6.7% աճով:
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները գրանցվել են Նուբարաշեն համայնքում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակարանի քառակուսի մետրը միջին հաշվով կազմել է 161.6 հազար դրամ, տարեկան 3.1% աճով: Մայրաքաղաքում անշարժ գույքի գների աճ է արձանագրվել նաև Շենգավիթ համայնքում`1,7%, մինչև 251,3 հազար դրամ, Էրեբունի համայնք`1,8%, մինչև 247,5 հազար դրամ, Աջափնյակ`2,1%, մինչև 245.3 հազ. դրամ, Մալաթիա-Սեբաստիա համայնք`0.8%, մինչև 237.5 հազար դրամ:
Մայրաքաղաքի մյուս համայնքներում գրանցվել է գների աննշան անկում: Մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն համայնքում մեկ քառակուսի մետրի գինը նվազել է 0,4% և կազմել 272.5 դրամ, Ավան համայնքում`0,1% և կազմել 254,5 հազար դրամ, իսկ Նոր Նորք համայնքում`1,3%, մինչև 239,8 հազար դրամ:
Ըստ աղբյուրի, 2018 թվականի առաջին կիսամյակում Երևանի բազմաբնակարան շենքերում կատարվել է առքուվաճառքի 5346 գործարք, տարեկան աճը`27.8%, որտեղ գործարքների առյուծի բաժինն ընկել է Կոնտրոն համայնքին`19.6%, իսկ ամենաչնչին ծավալնրն արձանագրվել են Նորք-Մարաշում` 0.2%:
Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն փոխել է հաշվետվության ձևաչափը, սկսած 2018 թվականի I եռամսյակի տվյալներից, ինչի արդյունքում բացակայում է մասնավոր տների գների վերաբերյալ տեղեկատվությունը: Այսուհետ Պետության գույքի կադաստրի հաշվետվություններում չեն հրապարակվի մասնավոր տների գների վերաբերյալ տեղեկությունները: