Արմինֆո. <Ավանի աղի կոմբինատ> ՓԲԸ աշխատակիցները պարզել են, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 14-ը առանց սերտիֆիկացման Հայաստան է ներմուծվել շուրջ 2 հազար տոննա տեխնիկական աղ: Այդ մասին լրագրողներին հայտնել է <Ավանի աղի կոմբինատ> ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նա ընդգծել է, շուկայում տեխնիկական աղի հայտնվելուն զուգընթաց՝ կրճատվել է Ավանի աղի հանքում արդյունահանվող աղի իրացումը:
<Արտադրվող արտադրանքի պահանջարկի անկման պատճառով ստիպված էի կրճատել աշխատակիցների աշխատավարձը 180 հազար դրամից մինչև 160 հազար դրամ: Միաժամանակ շահույթը կազմել է ընդամենը 1,6%՝ անցած տարվա նույն ժամանակշրջանի 27%-ի փոխարեն>,- նշել է նա:
Ըստ որում, Ղուկասյանը նշել է, որ չի բացառում, որ ներմուծված տեխնիկական աղը, որն առավելապես օգտագործվում է ձմռան շրջանում ձյան հավաքման համար, իրացվում է՝ որպես կերակրի աղ: <Տեխնիկական աղ ներմուծում են ձմռան շրջանում, իսկ հիմա ամառ է, ինչո՞ւ են հիմա ներկրում այն նման քանակությամբ>,- հարց է տալիս Ղուկասյանը: Ղուկասյանն ընդգծել է, որ <Ավանի աղի կոմբինատի> արտադրանք շուկայում 144 դրամ արժե՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ Հայաստան ներմուծվող կերակրի աղի համար ներմուծողը 50 դրամից պակաս է վճարում:
Ասվածի որևէ ապացույց Ղուկասյանը չունի, ավելին՝ ընդգծել է, որ անձամբ խանութներում նման աղ չի տեսել, սակայն կոչ է արել համապատասխան մարմիններին և լրագրողներին ստուգել Հայաստան նման քանակությամբ տեխնիկական աղի մատակարարման պատճառը՝ հաշվի առնելով, որ տվյալ պահին նման անհրաժեշտություն չկա:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. աղի արտադրությունը կազմել է 32.5 հազար տոննա ՝ 0,9% տարեկան աճով: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, Հայաստանն արտահանել է 472.5 տոննա աղ, նատրիումի քլորիդ և ծովային ջուր 80 հազար դոլարի, ինչը 2 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ներմուծումը կազմել է 6,2 հազար տոննա՝ տարեկան 38,8% -ով, մաքսային արժեքի`33,3% -ով, մինչեւ 973 հազար դոլար աճի պայմաններում: Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 10,2 հազար տոննա աղ՝ տարեկան 31% անկումով: