Արմինֆո. 2019 թ. մարտից Արարատի, Արմավիրի և Շիրակի մազերում մեկնարկում է ագրոապահովագրության պիլոտային ծրագիրը, ապահովագրվող ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նախարարի խոսքով, Արարատի և Արմավիրի մարզերում ծածկվող ռիսկերը կներառեն խաղողը և պտուղները, Շիրակում՝ կարտոֆիլի և հացահատիկի ցանկատարածությունները: <Եթե ամեն բան ընթանա ցանկալի սցենարով, ակնկալվում է, որ ծրագիրը կտարածվի երկրի բոլոր մարզերի վրա>,- ասել է նախարարը: Տվյալ փուլում տեղի է ունենում Գյուղատնտեսական ռիսկերի կառավարման ազգային բյուրոյի ստեղծման գործընթացը: Բյուրոն կդառնա մի գործիք, որով կգնահատվեն բնական տարերային աղետների հետևանքները: Կստեղծվի վնաս գնահատողների ինստիտուտ, ընտրվելու են հիմնական ապահովագրվող ռիսկերը:
Ինչպես ավելի վաղ գտնում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, մինչև 2018 թ վերջը կհաջողվի ներդնել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն պատրաստ կլինեն ապահովագրության վկայագրերը: KfW փորձագետները, ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը և Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն զբաղվում են տվյալների հավաքագրմամբ: Փորձնական ծրագրի ընթացքում գերմանական KfW բանկը կտրամադրի 5.3 մլն եվրո դրամաշնորհ, որից 4.8 մլն եվրոն կտրամադրվի բացառապես ապահովագրական վկայագրերի գնման սուբսիդավորմանը, իսկ մնացած 515 հազար եվրոն կուղղվի խորհրդատվության ծախսերին: ՀՀ կառավարությունը կտրամադրի 5 մլն եվրո: Կլիմայի ներդրումային հիմնադրամը նույնպես կտրամադրի 2 միլիոն եվրո, որից 200 հազար եվրոն կուղղվի ապահովագրության վկայագրերի գնման սուբսիդավորմանը, իսկ 1.8 մլն եվրոն`խորհրդատվական ծառայություններին:
Հիշեցնենք, որ ռիսկերի նվազեցման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից արդեն իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգերի փորձնական ծրագրի ներդրումը: Բացի այդ, 2018 թ. մեկնարկեց գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագիրը, կապված հակակարկտային պաշտպանության համակարգերի ներդրման հետ: Այդ ծրագրի իրականացմանն արդեն մասնակցում են`ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը, Արմսվիսբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, «Ֆարմ Կրեդիտ Արմենիաե և «Զարգացման կորպորացիա և Հայաստանի ներդրումներե ունիվերսալ վարկային ընկերությունները: Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, սուբսիդավորման ծրագիրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն 7 տարով, 14% տարեկան տոկոսադրույքով, որոնց սուբսիդավորումը թոյլ կտա վարկը տրամադրել 2% տոկոսադրույքով: