Արմինֆո. «Ավելացնել արտադրությունն ու խթանել արտահանումը», այս նպատակով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, կարևորելով հայրենական արտադրողների կողմից արտահանման խրախուսումը՝ IDBank-ը՝ «Հայաստանի արտահանողների ապահովագրական գործակալության» թողարկած ապահովագրական վկայագրերով հնարավորություն է տալու արտահանողներին ստանալ առանց գրավային ապահովվածության շրջանառու միջոցների ձեռքբերման վարկեր՝ միաժամանակ օտարերկրյա գնորդին տրամադրելով տարաժամկետ վճարման հնարավորություն՝ բացառելով օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկը։
«Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ինչպես առևտրային, այնպես էլ քաղաքական ռիսկերը» ,- նշել է ՀԱԱԳ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը։ Նրա խոսքով ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և գործարար միջավայրի զարգացման առաջխաղացմանը։
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն, Վարչության անդամ Սերգեյ Վիրաբյանն իր խոսքում նշել է, որ այս պայմանագրով IDBank-ը պարզեցված ընթացակարգերով անգրավ և մատչելի ֆինանսական միջոցներ է տրամադրելու ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերին ինչպես ապրանքի արտադրության համար անհրաժեշտ hումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, տրանսպորտային, մաքսային ծախսերի իրականացման, այնպես էլ տարաժամկետ վճարման պայմանով արտահանումներ իրականացնելու նպատակով։ Այսինքն, ՀԱԱԳ-ի հետ համաձայնագրի արդյունքում Բանկը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: «IDBank-ի նոր պրոդուկտը նվազագույն ռիսկեր է պարունակելու թե՛ Բանկի, թե՛ արտահանողների համար, ինչն իր հերթին կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ հնարավորություն տալով գրավել օտարերկրյա նորանոր շուկաներ», - նշել է Սերգեյ Վիրաբյանը։
IDBank-ը՝ հավատարիմ իր որդեգրած նոր քաղաքականությանը, շարունակում է նորանոր գործիքներ փնտրել նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական վարկանիշի արդյունքների, IDBank-ի ակտիվները 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 120.4 մլրդ դրամ: Վարկային ներդրումների ծավալը նույն ամսաթվով կազմել են 75.1 մլրդ դրամ (բանկի ակտիվների 62.3% -ը), որտեղ կորպորատիվ վարկավորում կզմել է 63,1% կամ 47,4 մլրդ դրամ: 2018 թվականի առաջին կիսամյակում Բանկի զուտ շահույթն ավելացել է 55.1%, մինչեւ 2.5 մլրդ դրամ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.06.2018 դրությամբ կազմել է 482.24 դր / $ 1):
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: