Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցներին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրերին Հայաստանում՝ փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է: Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջև շփման ինքնատիպ լեզու է: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաև միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերը զարգացնելու գործընթացում: Այս առումով փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի դերը և համարել այն կարևոր հարթակ վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման և որոշումների կայացման համար:
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ընդունելության և Հայաստանում խորհրդի հերթական նիստը բարձր մակարդակի կազմակերպելու համար, ներկայացրել է առաջիկա նիստի օրակարգը: Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունն ու խոսել ընդհանրապես վիճակագրական ծառայությունների կատարած աշխատանքի կարևորության մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է նիստի մասնակիցներին հաջող և արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին և կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:-
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |