Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիպում է կայացել Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է Հայաստանում ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի «Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրիե տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ Ասիական զարգացման բանկը երկար տարիներ աջակցում է կրթության ոլորտի զարգացման ծրագրերին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ներկայիս համագործակցությունն առավել թիրախային և արդյունավետ կլինի՝ ոլորտի զարգացման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ ակնկալվում է բանկի փորձագիտական աջակցությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բանկի կողմից առաջարկվող աջակցության հիմնական ուղղություններին, այն է՝ փաստերի վրա հիմնված կրթության քաղաքականության ձևակերպում, ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, հանրակրթության ղեկավարում և կառավարում, ինչպես նաև ծրագրային բյուջետավորում:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |