Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տիկին Տեմբոնին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ հետևողականորեն զարգանում է կառուցողական և դրական մթնոլորտում:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման ու դրա կապակցությամբ երկրում տիրող տոնական մթնոլորտի մասին: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը նշել է, որ բանկի կողմից Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերջնարդյունքն ավելի բարեկեցիկ Հայաստան ունենալն է, իսկ ծրագրերի ամենակարևոր շահառուն հայ ժողովուրդն է:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերի շուրջ, քննարկել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության շարունակական համագործակցության հիմնական ուղղությունները: Հանդիպմանը Մերսի Տեմբոնը և Մհեր Գրիգորյանն անդրադարձել են նաև «2019-2022թթ. Երկրի գործընկերության շրջանակ» համատեղ մշակվող փաստաթղթին, որը երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացման և ընդլայնման առումով:
Հիշեցնենք, որ 1992 թվականից ի վեր Հայաստանը ՀԲ-ից ստացել է, ընդհանուր առմամբ, շուրջ 2,3 մլրդ դոլարի վարկեր և դրամաշնորհներ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |