Արմինֆո. Beeline-ը հայտարարում է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին։ Բջջային հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ և կապի ծառայությունների դիմաց, խանութներում և դեղատներում գնումների, կայանատեղիների համար, վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների հաշիվները։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store և Google Play համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, և բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։
BeeMoney դրամապանակն օգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաև գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաև վճարել առցանց խաղերի համար և այլն։ BeeMoney օգտատերերը կարող են նաև գումար փոխանցել իրենց վիրտուալ հաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։
«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլև հեռախոսի լիարժեք և հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների և նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«BeeMoney դրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը և գործընկերների ցանցը, ինչպես նաև Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը», - նշեց EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: