Արմինֆո. «Էներգո ինվեստ հոլդինգը» շուրջ 300 մլն դոլար կներդնի Հայաստանի էներգետիկ համալիրում: Այդ մասին հաղորդվել է
ՀՀ ԷԵԲՊ նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին` նախօրեին «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնում են շվեյցարական «POYRY» ընկերության մասնագետներըª ամերիկյան «THE ROBBINS» ընկերության, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից միջազգային մրցույթով ընտրված ILF ավստրիական կազմակերպության տեխնիկական վերահսկողությամբ:
Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, կորոշվեն ջրատար թունելի երթուղին և ՀԷԿ-ի նախատեսվող դրվածքային հզորությունը:
Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:
Այնուհետև նախագիծը կենթարկվի բնապահպանական փորձաքննության, կիրականացվեն հանրային լսումներ շահառու համայնքների և բնապահպանական, հասարակական կազմակերպությունների հետ:
Կարևորելով նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից` նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն:
Շինարարության ընթացքում կստեղծվի ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղ, ՀԷԿ-ը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 7%-ը:
Գարեգին Բաղրամյանին ներկայացվել են նաև էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կադրերի վերապատրաստման ուսումնական կենտրոնի կառուցման և փոքր ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագրերը:
Նշված ուսումնական կենտրոնը հարյուրավոր մասնագետների հնարավորություն կտա վերապրոֆիլավորվել, համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին, իսկ էներգետիկ ձեռնարկությունները կհամալրվեն որակյալ մասնագետներով: Ուսումնական կենտրոնի ստեղծման համար նախատեսվում է շուրջ 6 մլն. դոլար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը, որը պետք է լինի բնապահպանական ժամանակակից պահանջներին համապատասխան: Ծրագրի նպատակը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն է, գետերի բնապահպանական վիճակի բարելավումը և շրջակա միջավայրի վրա բնապահպանական ազդեցության նվազեցումը: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 120 մլն. դոլար:
Ծրագրի իրականացման արդյունքում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով կհագեցվեն և բնապահպանական ժամանակակից չափանիշներին կհամապատասխանեցվեն գործող փոքր 20-25 ՀԷԿ-եր, կբարձրացվի դրանց արդյունավետությունը և կբարելավվի շրջակա միջավայրը:
Հիշեցնենք, որ Շնողի ՀԷԿ կառուցման նախագիծը մշակվել էր դեռ խորհրդային շրջանում և նախատեսում էր 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցում, սակայն հետազոտություններից հետո ի հայտ է եկել ապագա կայանի հզորությունը մինչև 124 ՄՎտ ավելացնելու հնարավորություն ` 19 կմ երկարությամբ թունելի կառուցման հաշվին:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել է, որ ռուսական «Տաշիր՚ ընկերությունը հետաքրքրություն է դրսևորում Շնողի ՀԷԿ կառուցման նկատմամբ: Դեռ 1970 թվականին մշակված պետական նախագիծը նախատեսում է Դեբեդ գետի հյուսիսային մասում ՀԷԿ կառուցում (Լոռու մարզ): Ընթացիկ տարում «Տաշիր՚ ընկերությունը վերանայել է նախագծի ծրագիրը, ինչի արդյունքում մշակվել է նոր կատարելագործված տարբերակ` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումները: Այսպես, առաջիկայում հնարավոր կլինի 124 ՄՎտ հզորությամբ նոր ՀԷԿ կառուցումը` մինչև 460 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրողունակությամբ: Չորս տարվա ընթացքում նախագծում ներդրումները կկազմեն շուրջ 200 մլն դոլար: