Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով «Բարձրավոլտ Էլեկտրացանցերե ՓԲ ընկերությունում էր: Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։
Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընկերության ղեկավար և ինժեներական անձնակազմի մասնակցությամբ։ Գարեգին Բաղրամյանն ընդգծել է ընկերության նախանշած ծրագրերը սահմանված ժամկետներում և որակով իրականացնելու կարևորությունը: Այդ համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցերե-ի ենթակայանների վերազինման ծրագրերին:
Անդրադառնալով էներգահամակարգում տեղի ունեցող կառուցվածքային և ծախսային օպտիմալացման գործընթացին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն ինչպես համակարգի խնդիրների լուծմանը, այնպես էլ մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 9-ին Թեհրանում Իրանն ու Հայաստանը նոր համաձայնագիր էին ստորագրել երրորդ բարձրավոլտ ԷՀԳ կառուցման շուրջ: Ըստ համաձայնագրի, իրանական կողմը` ի դեմս EDBI, 90,5 մլն դոլար կտրամադրի նախագծի ֆինանսավորման 117,6 մլն դոլար ընդհանուր գումարից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2019 թվականին շինարարական աշխատանքների ավարտի շուրջ: ԷՀԳ շահագործումից հետո Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 ՄՎտ-ից կավելանա մինչև 1000 ՄՎտ: Նոր ԷՀԳ նաև կբարձրացնի Կովկասի տարածաշրջանի երկրների էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները: Հայ-իրանական երրորդ ԷՀԳ շահագործումից կշահեն Վրաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Իրանական էլեկտրաբաշխիչ ցանցը հնարավորություն կստանա Հայաստանի և Վրաստանի համապատասխան ենթակառուցվածքների միջոցով ամրակցվել Ռուսաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագծի ընդհանուր արժեքը կազմում էր 107,9 մլն եվրո, որը վարկի տեսքով պետք է տրամադրեր Իրանը: Պայմանագրի համաձայն, ԷՀԳ շինարարությունը պետք է ավարտվեր 18 ամսում` ֆինանսավորումն սկսելու պահից սկսած: Սակայն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով նախագծի իրագործման ժամկետները մշտապես հետաձգվում էին: