Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նախօրեին ընդունել է« China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, Գարեգին Բաղրամյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան, ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։
Քննարկվել են չինական ընկերության համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հետաքրքրություն էր դրսևորել «Շնող՚ և «Մեղրի՚ ՀԷԿ-երի, ինչպես նաև Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերի նկատմամբ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառության ծավալը կազմել է 480.6 մլն դոլար` 38,4% տարեկան աճով: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 19,9%, մինչև 74.6 մլն դոլար, ներմուծումը` 42,5%, մինչև 406 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 4.9 մլն լ գինի: ՀՀ մաքսային ծառայության վերջին տվյալներով, 2017 թվին Հայաստանն արտահանել է 2.8 մլն լ գինի, 50,5% տարեկան աճով: Հայաստանից Չինաստան գինու արտահանումը կազմել է 26.5 հազար լ` տարեկան 3.3 անգամ աճով: Մաքսային արժեքը կազմել է 118.7 հազար դոլար, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից 5.8 անգամ ավել է: