Արմինֆո.2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, 2018 թ. հոկտեմբերին գրանցվել է 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%, ընդ որում՝ բնականոն գնաճը նույնպես փոքր ինչ դանդաղել է: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կլինի կայուն և 12-ամսյա գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում։
Համաշխարհային տնտեսության աճի միտումները պահպանվում են, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը աստիճանաբար խստացնում են դրամավարկային քաղաքականության պայմանները: Միաժամանակ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը փոքր ինչ թուլացել է, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի թուլացում՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների կրճատմամբ և շինարարության ճյուղի աճի տեմպերի դանդաղմամբ: Միևնույն ժամանակ, գնահատվում է, որ իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպող ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: Ընդ որում, հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքը 2019 թ-ին նույնպես կարող է զգալի ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի զարգացումների վրա:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ դրամավարկային պայմանների ներկա չափը բավարար խթանող է, այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետում դրա աստիճանական չեզոքացման հեռանկարով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Խորհուրդը գնահատում է նաև, որ կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. նոյեմբերի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայվել էր փետրվարի 14-ին, երբ ԿԲ խորհուրդը իջեցրեց այն 6,25% -ից մինչև 6%, միևնույն ժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքները`7.75% -ից մինչեւ 7.5%, իսկ բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները`4.75% -ից մինչև 4.5%, պահպանելով մինչև օրս: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 27-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատվել էր`6.5% -ից մինչև 6.25%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքի նվազել էին` 8% -ից մինչև 7.75%, իսկ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 5%-ից մինչև 4.75%: