Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարի պաշտոնակատարը նշել է. «Ասիական զարգացման բանկը նախարարությանը էական և արդյունավետ աջակցություն ցուցաբերող կառույցներից մեկն է, հատկապես վերջին ժամանակահատվածում պետություն-մասնավոր գործընկերության մշակման աշխատանքներում, որտեղ բանկը օժանդակող առաջատար դեր է ստանձնել՝ կիսելով փորձը, հուշելով հնարավորությունները և այն սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Բանկի հետ գործունեությունը թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների մակարդակում համագործակցության, թե՛ իրական հատվածում իրականցվող ծրագրերի համատեքստում:
Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալը մտքեր են փոխանակել Հայաստանում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական զինվածության և աշխատուժի քանակի, մասնագիտական գիտելիքների համաչափ բաշխվածության, տնտեսական աճի ներառականության և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։
Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալն անդրադարձել են նաև ներդրումների ներգրավման հարցերին. «Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և համապատախանաբար ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մասնավոր հատվածի հետ արդյունավետ երկխոսություն հաստատելու նպատակահարմար և արդյունավետ ձևաչափի ընտրությանը։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |