Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9–ի խորհրդի նիստի թիվ 185-Ն որոշմամբ 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Հիշեցնենք, որ նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։
Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:
Նշենք, որ հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Նշենք, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սևակը (ներկայումս շրջանառվող Եղիշե Չարենցի պատկերի փոխարեն), 5000 դրամի վրա - ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյան (Հովհաննես Թումանյանի փոխարեն), 10 000 դրամի վրա - Կոմիտասը (Ավետիք Իսահակյանի փոխարեն), 20 000 դրամի վրա - ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Մարտիրոս Սարյանի փոխարեն), իսկ 50 000 դրամի վրա - Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պատկերված կլինի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա, իսկ 100 000 դրամանոց թղղադրամը ներառված չէ 3-րդ սերնդի ցուցակում և շրջանառությունից դուրս կգա (մաշվածությանը զուգահեռ) պահանջարկի բացակայության պատճառով: Իսկ 3-րդ սերնդի գործող թղթադրամներն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից:
Հիշեցնենք, որ 1993 թ. Նոյեմբերի 22-ին անկախ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը`դրամը, և նոյեմբերի 22-ը նշվում է որպես բանկային աշխատակցի օր: