Արմինֆո. Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները: Ինչպես նշվում է այդ առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարությունում, որի տեքստն ԱրմԻնֆո-ին տրամադրել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ:
«Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ: Սովորաբար նման ներդրում կամ առևտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին` խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաև չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները և հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը՚, - ասվում է ԿԲ հայտարարությունում:
Հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը` Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար: «Մասնավորապես, այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու և ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է: Միևնույն ժամանակ, ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ՚, - նշված է հայտարարությունում։