Արմինֆո.2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Ինչպես տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, 2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.0%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում։
Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով և մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։
Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայվել էր փետրվարի 14-ին, երբ ԿԲ խորհուրդը իջեցրեց այն 6,25% -ից մինչև 6%, միևնույն ժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքները`7.75% -ից մինչեւ 7.5%, իսկ բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները`4.75% -ից մինչև 4.5%, պահպանելով մինչև օրս: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 27-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրճատվել էր`6.5% -ից մինչև 6.25%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքի նվազել էին` 8% -ից մինչև 7.75%, իսկ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 5%-ից մինչև 4.75%: