Արմինֆո.Կատարինա Բյորլին Հանսենը Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել` Հարավային Կովկասի գծով, 2019 թվականի ապրիլի 1-ին և կստանձնի նոր պաշտոնը:
Ինչպես նշվում է ՎԶԵԲ հաղորդագրությունում, տիկին Հանսենը, որի գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում, կղեկավարի Բանկի գործունեությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում և կօժանդակի այդ երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը ներդրումային քաղաքականության, զբաղվածության քաղաքականության, փոքր բիզնեսի զարգացման, խորհրդատվությունների և բարեփոխումներին աջակցելու միջոցով:
«Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս որպես տարածաշրջանային տնօրեն և ստանձնել այս պատասխանատու պաշտոնը: Այս տարածաշրջանը ռազմավարական նշանակություն և հետագա զարգացման հսկայական ներուժ ունի: Զարգացման համար առանցքային պահանջը կլինի տարածաշրջանի հետագա ինտեգրումը գլոբալ տնտեսությանը, և ՎԶԵԲ-ը կշարունակի աջակցել այս զարգացմանը ներդրումների և բարեփոխումների միջոցով։ Համագործակցելով ՎԶԵԲ տեղական թիմերի հետ` ես ակնկալում եմ զգալի ներդրում ունենալ այս տնտեսությունների հաջողության հասնելու գործում՝ ի շահ բոլորի», - ընդգծել է Հանսենը:
Շվեդիայի քաղաքացի տիկին Հանսենը ՎԶԵԲ թիմին միացել է 2006թվին և ի սկզբանե պատասխանատու է եղել Բանկի համայնքային ենթակառուցվածքների ծրագրերի համար Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բելառուսում և Մոլդովայում՝ մինչև 2016 թիվը ապրելով Թբիլիսիում։ Այդ ժամանակահատվածում նա մշակել և իրականացրել է համայնքային ենթակառուցվածքների ներդրումային ծրագրեր 100-ից ավելի քաղաքներում՝ կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման, կեղտաջրերի կառավարման, հասարակական տրանսպորտի, թաղամասերի ջեռուցման և «խելացի» քաղաքների զարգացման ոլորտներում: 2016 թվին տիկին Հանսենը տեղափոխվել է Կահիրե` որպես Եգիպտոսում Բանկի ղեկավարի տեղակալ, որտեղ նա վերահսկում էր ներդրումների իրականացման և քաղաքականության մեջ ներգրավվածության ուղղություններով Բանկի գործունեության զգալի ընդլայնումը: Նախքան ՎԶԵԲ-ի թիմին միանալը, տիկին Հանսենը 10 տարի աշխատել էր Carl Bro խորհրդատվական ընկերությունում, որտեղ նա պատասխանատու էր Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/, Հարավ-արևելյան Ասիայի և Միջին Արևելքի ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Նա ստացել է Զարգացման ֆինանսավորման ոլորտում գիտությունների մագիստրոսի կոչում Լոնդոնի՝ Արևելագիտության և աֆրիկյան տարածաշրջանի երկրագիտության համալսարանից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, առ այսօր ՎԶԵԲ-ը Կովկասի տարածաշրջանում ներդրել է ավելի քան 7,77 մլրդ եվրո 564 ծրագրերի միջոցով, որոնցից 170-ն իրագործվել է Հայաստանում` 1.241 մլրդ գումարով։ Հայաստանում ՎԶԵԲ ֆինանսավորման ընթքցիկ պորտֆելը կազմում է 331 մլն եվրո: