Արմինֆո. Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում JICA նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:
Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:
Նշենք, որ Ճապոնիայի զարգացման գործակալությունը Հայաստանում իրականացրել եւ իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, JICA- ն Հայաստանին տրամադրել է 240 մլն դոլար վարկ, որի հաշվին 2010 թվին կառուցվել եւ շահագործման է հանձնվել Երևանի ՋԷԿ-ի ջերմային բլոկը: Բացի այդ, JICA- ի միջոցով Հայաստանում իրականացվում է սեյսմիկ ռիսկերի գնահատման 2.5 միլիոն դոլարի ծրագիր: Գործակալությունը նաեւ 4,5 մլն դոլար է ներդնում` աջակցելու երկրում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ դիվանագիտական հարաբերությունների 26 տարիների ընթացքում ճապոնական կողմը Հայաստանին տրամադրել է շուրջ 300 միլիոն դոլարի արտոնյալ վարկ, 79 միլիոն դոլարի դրամաշնորհներ, ինչպես նաեւ տրամադրել է մոտ 11.5 միլիոն դոլարի տեխնիկական աջակցություն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |