Արմինֆո.ՊԵԿ կողմից 2019 թվականի հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը «Նաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ: Այդ առնչությամբ «Նաիրի Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը պաշտոնապես իրազեկում է, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով:
«Նաիրի Ինշուրանս՚ ԱԸ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում, նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող և երբեք չի խուսափել հարկերի վճարումից: Ընկերության ղեկավարության հավաստմամբ, շահութահարկի գծով «Նաիրի Ինշուրանսը՚ վճարում է երկրում գործող 6 ապահովագրական ընկերությունների միագումար շահութահարկի գրեթե մեկ երրորդը:
Հունվարի 21-ին ՊԵԿ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-Ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս: «Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ: Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները Նաիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ՚, - ասվում էր ՊԵԿ հաղորդագրությունում:
«Նաիրի Ինշուրանսը՚, ի պատասխան ՊԵԿ մեղադրանքի, պաշտոնապես հայտարարել էր, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս՚ ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ, և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը: «Ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ՚,- ասվում էր «Նաիրի Ինշուրանս՚ ԱՍՊԸ հայտարարության մեջ:
Հավելենք, որ «Նաիրի Ինշուրանս՚ ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում աշխատում է 1996 թվականի դեկտեմբերից: 2008 թվականի մարտին ընկերությունը թարմացրել է ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան: 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին երկրի խոշորագույն հարկատուների ցուցակում ընկերությունն զբաղեցրել է 488-րդ տեղը, իսկ ապահովագրական ընկերությունների շրջանում` երրորդ տեղը: Նախորդ տարվա առաջին 9 ամիսներին ընկերությունը բյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 205 մլն դրամ, իսկ ուղիղ հարկերի գծով` (շահութահարկ և եկամտահարկ)` 175.7 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ընկերության պաշտոնական կայքի համաձայն, ընկերության 60 տոկոս բաժնեմասը պատկանում է Լևոն Քոչարյանին: Հայտնի է, որ նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է: 40 տոկոս բաժնեմասը պատկանում է մեկ այլ ֆիզիկական անձի` Վահագն Խաչատրյանին: