Արմինֆո. 2019 թ. մարտից Հայաստանի 5 մարզում կմեկնարկի գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության պիլոտային ծրագիրը: Այդ մասին հունվարի 31-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով, չնայած այն բանին, որ ավելի վաղ հայտարարվել էր պիլոտային ծրագրում երկու մարզերի՝ Արարատի և Արմավիրի, ներառման մասին, որոշվել է շահառուների ցուցակն ընդլայնել մինչև հինգ: Արդյունքում ավելացվել են Վայոց Ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերը: Ծրագրի ֆինանսավորմանը կուղղվի շուրջ կես միլիարդ դրամ: Նախնական փուլում ապահովագրությունը կտարածվի մրգերի և բանջարեղենի`ծիրանի և խաղողի վրա: Ապահովագրված ռիսկերը կլինեն կարկուտը և ցրտահարությունը:
Ինչպես հայտարարել է փոխնախարարը, արդեն մի քանի ապահովագրական ընկերություն ծրագրին մասնակցության շահագրգռվածություն են հայտնել: Այնուամենայնիվ, նա ձեռնպահ է մնացել նրանց նշելուց՝ ասելով, որ կանի դա վերջիններիս հետ համագործակցության փաստաթղթային ամրագրումից հետո:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Արարատի և Արմավիրի մարզերում կմեկնարկի ագրոապահովագրության պիլոտային ծրագիրը, որը պետական գանձարանին կարժենա 360 մլն դրամ: Քննարկվում է նաև հանրապետության Շիրակի մարզում ծրագրի փորձարկման հնարավորությունը: <Նախկինում նման բան չի արվել, համակարգը նախատեսում է 100 տոկոս փոխհատուցում ֆերմերների կորուստների համար>, - ասել է Գեղամ Գևորգյանը: <Բոլոր ֆերմերները միանշանակ կողմ են ծրագրի ներդրմանը>, - ասել է Գևորգյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը նախատեսում է ապահովագրական վճարների սուբսիդավորում: Սուբսիդիաները կկազմեն ապահովագրական պոլիսի արժեքի 60-65% -ը, իսկ ֆերմերներն ստիպված կլինեն 1 հա-ի դիմաց վճարել 30-35 հազար դրամ: Ինչպես բազմիցս հայտարարել են գյուղատնտեսության նախարարները, գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության համակարգը նոր լուծումներ կգտնի գյուղացու կորուստները լիովին ծածկելու համար: Այսօր գյուղատնտեսության վնասները բնական աղետներից կազմում են մոտ 12 մլրդ դրամ (մոտ 25 մլն դոլար), որոնք փոխհատուցվում են պետության կողմից, բայց ապահովագրության դեպքում այդ փոխհատուցումները կիրականացնեն ապահովագրական ընկերությունները: