Արմինֆո. KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այդ մասին հունվարի 31-ին Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ Քյոլն քաղաքում հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2018թ. նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացմանե ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը մեր տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը կառավարության կարևոր առաջնահերթություններից է և ուրախալի է այդ գործում, ի դեմս Գերմանական զարգացման բանկի, ունենալ նման վստահելի դաշնակից:
KfW-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին նշել է` Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում: Գոհունակություն հայտնելով մեր երկրի տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից` Օ. Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը, և բանկը հետաքրքրված է նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:
ՀՀ վարչապետը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակել հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |