Արմինֆո. Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը: Այդ մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում:
Ծրագրի համաձայն՝ բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ: Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության մշակումը հնարավորություն կտա ապահովելու ոլորտի կայուն զարգացում, որը կհավասարակշռի տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունությունը, ինչպես նաև կապահովի ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հրապա¬րակայնությունը:
Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, ոլորտի քաղաքականության օրենսդրական նոր հենք ստեղծելու և ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հրապարակայնությունը ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է. մշակել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր; իրականացնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը համահունչ օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ ապահովելով հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ընթացակարգերի (լիցենզավորում, թույլտվություններ, հողօգտագործման հետ կապված կանոնակարգումներ և այլն) պարզեցում և համալիրություն, ազդակիր համայնքների բնակչության կարծիքի և բիզնեսի շահերի հավասարակշռում; բացահայտել ընգերքօգտագործող կազմակերպությունների իրական սեփակա¬նատերերին, ստեղծել ու վարել իրական սեփականատերերի ռեգիստրը:
Կառավարությունը միջոցներ կձեռնարկի նաև Հայաստանում հանքարդյունաբերական հումքի վերամշակման հնարավորինս երկար արտադրական շղթայի հիմնադրման համար՝ այս ընթացքում խստորեն պահպանելով բարձր բնապահպանական չափանիշները: